Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Բաքվի և Մոսկվայի հարաբերություններն այլևս երբեք նախկին ջերմությունը չեն ունենա

Բաքվի և Մոսկվայի հարաբերություններն այլևս երբեք նախկին ջերմությունը չեն ունենա
08.02.2025 | 08:01

Արդեն կարելի է վստահաբար պնդել, որ Ի. Ալիևը ՌԴ-ի նկատմամբ իր քայլերում հատել է ռուբիկոնը։ Փաստորեն, Ադրբեջանը բացել է ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատը, որին այդքան երկար սպասում էին ուկրաինացիները։ Այս հարձակումը առայժմ իրականացվում է դիվանագիտական, միջազգային իրավական և քարոզչական դաշտերում, սակայն արդեն իսկ շատ ցավալի հարված է Մոսկվայի համար։

Եվ այսպես, ի՞նչ խնդիրներ է լուծում Բաքուն իր հակառուսաստանյան գործողություններով, որոնց համար ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանումն ընդամենը պատրվակ էր, բայց ոչ՝ պատճառ։

1. Ուկրաինան ստանում է կարևոր հոգեբանական ու տեղեկատվական աջակցություն, տեսնելով, թե ինչպես է մեկ այլ հետխորհրդային պետություն բաց հակաճառության (եթե ոչ` լիարժեք հակամարտության) մեջ մտնում Մոսկվայի հետ։ Ուկրաինացիները հույս են ստանում, որ ՌԴ-ն իր ուժերի մի մասը ստիպված է լինելու հետ քաշել Ադրբեջանի և նրա թիկունքում ամուր կանգնած Թուրքիայի հետ հնարավոր բախումների համար։ Ուկրաինական մամուլն ու եթերը ողողված են ռուս-ադրբեջանական խնդրի շուրջ հիացական ու ոգեշնչող մեկնաբանություններով։

2. Ադրբեջանը հանդես է գալիս որպես Թուրանի կամ «թյուրքական աշխարհի» առաջամարտիկ, օրինակ ցույց տալով միջինասիական թյուրքախոս պետություններին ու Տաջիկստանին, թե ինչպես պետք է վարվել «թուլացած Ռուսաստանի» հետ։

3. Ադրբեջանը փորձում է ապացուցել Թրամփի նորակազմ վարչակազմին իր հակառուսականությունը և ՆԱՏՕ-յամետությունը։

Իրականում, Բաքվի այս քայլերը չափազանց վտանգավոր են, որովհետև Ռուսաստանն ունի տնտեսական, քաղաքական ու ռազմական լուրջ լծակներ ու հնարավորություններ` ուժգին հակահարված հասցնելու համար։ Իրականում Ալիևը մանևրելու-խուսանավելու լայն դաշտ չունի. նա կատարում է այն, ինչ իրեն հրահանգված է Անկարայից և Թել-Ավիվից։

Առաջիկա օրերին և շաբաթներին պարզ կլինի, թե ինչ ծավալներ է ընդունելու ռուս-ադրբեջանական ճգնաժամը։ Բայց որքան էլ կրքերը հանդարտվեն, նախկին ջերմությանը Բաքվի և Մոսկվայի հարաբերություններն այլևս երբեք չեն վերադառնա։ Ամենայն հավանականությամբ, առաջին հարվածն իրենց վրա զգալու են ՌԴ-ում ադրբեջանցի օլիգարխները և Բաքվի անմիջական ղեկավարությամբ գործող համայնքային կառույցները։ Պետական կառույցներում թուլանալու է ադրբեջանական լոբբիստների ունեցած մեծ ազդեցությունը։

Ինչպե՞ս կանդրադառնա Մոսկվա-Բաքու ճգնաժամը Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի հանձնողական դիրքորոշումների վրա՝ առայժմ բարդ է ասելը։ Բայց դա էլ շուտով պարզ կդառնա։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3914

Մեկնաբանություններ